Հաճախ տրվող հարցեր
1. Ովքե՞ր են ընդգրկված տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբում, և ի՞նչ սկզբունքով են ընտրվել խմբի անդամները։

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձևավորվել է տարեսկզբին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։ Մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին ընտրելիս հաշվի են առնվել ոլորտային գիտելիքները, աշխատանքային գործունեության շրջանակում ուղղակի առնչությունը տրանսպորտային համակարգին, ինչպես նաև՝ բարեփոխումների գործընթացում արժեքավոր ներդրում ունենալու պատրաստակամությունը։

Հասարակական տարբեր խմբերի շահերը ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբի կազմում են նաև Երևանի ավագանու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ոլորտի մասնագետներ ու շահագրգիռ անձինք։

 

2. Ի՞նչ գործառույթներ ունի տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը։

Մասնագիտական աշխատանքային խումբը գործընթացին մասնակցում է նիստերի միջոցով, որոնց ընթացքում փուլ առ փուլ ներկայացվում են խորհրդատու կազմակերպության հաշվետվություններն ու վերլուծությունները։ Մասնագիտական աշխատանքային խմբի անդամները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց դիտարկումներն ու առաջարկները առկա հաշվետվությունների վերաբերյալ և լինելու գործընթացի ակտիվ մասնակիցը։

Աշխատանքային խմբի ամենակարևոր գործառույթը խորհրդատու կազմակերպության առաջարկներից լավագույնները ընտրելն է և հանրային քննարկմանը ներկայացնելը։

 

3. Ո՞ւմ է պատկանում վերջնական որոշում կայացնելու գործառույթը։

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ ներգրավելով այս գործընթացում միջազգային խորհրդատու կազմակերպություն։ Որոշումը կայացնելու է Երևանի քաղաքապետարանը՝ հաշվի առնելով խորհրդատու կազմակերպության մշակած մոդելները, աշխատանքային խմբի մոտեցումները։ Որոշումը հաստատվելու է միայն Երևանի բնակիչների հավանությունը ստանալու դեպքում՝ հարցումների, հանրային քննարկումների միջոցով ստացված կարծիքների հիման վրա։ 

4. Ինչո՞ւ են կարևոր այս բարեփոխումները և ինչո՞վ են տարբերվում նախորդ գործընթացներից։

Տարիներ շարունակ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի հիմնահարցը եղել է քաղաքի առաջնային խնդիրներից մեկը, և այդ խնդրի  մասին մշտապես բարձրաձայնել են թե՛ բնակիչները, թե՛ քաղաքային իշխանությունը, թե՛ շահագրգիռ այլ կողմեր։ Տարբեր ժամանակներում փորձ է արվել խնդրին տեղային լուծումներ տալ, սակայն ամբողջական կարգավորման համար անհրաժեշտ միջոցներ ու փորձառություն երբևէ չի եղել։

Ներկայիս քաղաքապետի թիմը տևական ժամանակ պատրաստել է բարեփոխումների ռազմավարությունն ու բանակցություններ վարել ծրագրի իրագործելիությունն ապահովող միջոցների նախապատրաստման համար, ապա միայն ազդարարել գործընթացի մեկնարկը։

Բարեփոխումների այս գործընթացը տարբերվում է նախորդից նրանով, որ հաշվարկվել և նվազագույնի են հասցվել փակուղում հայտնվելու հնարավորությունները, և Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները ծրագրի իրագործելիությունն ապահովելու համար։

5. Ֆինանսական ի՞նչ միջոցներով են իրականացվելու բարեփոխումները։ Արդյո՞ք պետությունն է ֆինանսավորելու բարեփոխումները, թե՞ նախատեսվում է համագործակցություն մասնավոր սեկտորի հետ։

Մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը բարեփոխումների գործընթացի առաջին՝ մեկնարկային նիստում հայտարարել է, որ կարևոր սկզբունքներից մեկն օպտիմալ լուծումների կիրառումն է և բնակիչների համար հասանելի սակագնի սահմանումը՝ անկախ այն հանգամանքից, թե բարեփոխումների գործընթացի ֆինանսական կշիռը որքան մեծ կլինի։ Մասնավոր ներդրումների հաշվին բարեփոխումների գործընթացի իրականացումն անշուշտ արդյունավետ տարբերակ է, եթե միաժամանակ պահպանվում է սակագինը հասանելի պահելու կարևորագույն սկզբունքը։

Սակայն Երևանի քաղաքապետարանն արդեն բանակցում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ միայն մասնավոր ներդրումների ճանապարհով խնդիրը լուծել չկարողանալու դեպքում համայնքային միջոցներով հիմնախնդրին լուծում տալու համար։

6․Սակագնի թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ։

Հասարակական տրանսպորտի սակագինը պետք է լինի ոչ թե թանկ կամ էժան, այլ արդար ու հասանելի ազգաբնակչության համար։ Սա կարևորագույն սկզբունք է, որը ընկած է այս բարեփոխումների ռազմավարության հիմքում։ Բնականաբար, Երևանի քաղաքապետարանը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները առկա սակագինը չթանկացնելու համար, և գործընթացը կլինի բաց ու թափանցիկ։ 

7. Արդյո՞ք սահմանվելու է զեղչային համակարգ ուսանողների և թոշակառուների համար։

Երևան քաղաքի նոր հասարակական տրանսպորտային համակարգը նախատեսում է միասնական տոմսային համակարգի առկայություն, ինչը մի շարք առավելությունների հետ մեկտեղ հնարավորություն է տալու նաև որոշակի սոցիալական փաթեթներ մշակելու և զեղչային համակարգեր ներդնելու ոչ միայն սահմանված արտոնություններ ստացող սոցիալական խմբերի, այլև ավելի լայն խմբերի համար, օրինակ՝ ուսանողների, որոնք ներկայումս զրկված են որևէ տեսակի արտոնությունից։

Միասնական տոմսային համակարգը վերահսկողության մի շարք հնարավորություններ է ստեղծելու՝ թույլ տալով հասարակական տրանսպորտից առավել հաճախ օգտվող մարդկանց համար ևս կիրառել արտոնյալ պայմաններ։

Բացի այդ, համակարգը կարող է հնարավորություն տալ օգտվելու տարբեր տեսակի տոմսերից, օրինակ՝ 1-անգամյա, 1-շաբաթյա կամ 1-ամսյա կիրառության։ Սակայն վերոնշյալ տարբերակները տեսական են և կիրառվելու են միայն վերջնական եզրակացություններից ու Երևանի բնակիչների կողմից հավանության արժանանալուց հետո։

8․ Ինչպե՞ս են հավաքվելու և տնօրինվելու տոմսերի վաճառքից գոյացած գումարները։

Ինչպես գործընթացին առնչվող մյուս հարցերը, տոմսերի գումարի հավաքման և տնօրինման հետ կապված հարցերը ևս հաստատվելու են գործընթացի վերջնական փուլում։ Սակայն այս պահին արդեն իսկ կարելի է ասել, որ հավաքման գործընթացը կլինի ավելի առաջադեմ՝  միասնական տոմսային համակարգի ներդրման և վերահսկողության հստակ մեխանիզմների սահմանման միջոցով։ Կարող ենք նաև արձանագրել, որ կարևոր ու սկզբունքային դրույթ է գործընթացների վերահսկողության իրականացումը մեկ կենտրոնից, ինչպես նաև՝ գործընթացի թափանցիկությունը Երևան համայնքի համար։

9․ Տոմսային համակարգի ինչ կառուցվածք է ներդրվելու (տարածություն/գոտի, կիլոմետրաժ, ժամային գործոն, թե՞ այլ)։

Տոմսի կառուցվածքի մշակման հարցում սկզբունքային է լինելու առավել օպտիմալ և բնակիչների համար հասանելի տարբերակների ընտրությունը։ Խորհրդատու կազմակերպության առաջ խնդիր է դրվել ներկայացնելու թե՛ կիլոմետրաժի, թե՛ ժամային գործոնների հաշվարկով տարբերակների կիրառման հնարավորությունները։ Փաստաթուղթը ներկայացվել է մասնագիտական խմբին, և համապատասխան վերլուծական աշխատանքից հետո հնարավոր տարբերակները ներկայացվելու են հանրային քննարկման։

10․ Ո՞ր երկրի տրանսպորտային համակարգին նման կլինի Երևանի նոր տրանսպորտային համակարգը

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների նպատակն է ստեղծել ժամանակակից տրանսպորտային համակարգ, որից կցանկանան օգտվել բոլոր բնակիչները և հյուրերը։ Դա նաև մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունի տարեցտարի ավելացող ավտոմեքենաների թիվը հնարավորինս կրճատելու նպատակով։

Այսինքն՝ հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելուն զուգահեռ կարող են լուծվել որոշակի բնապահպանական և ենթակառուցվածքային խնդիրներ։ Միջազգային փորձն ուսումնասիրելով հանդերձ՝ կարևոր է գտնել լավագույն տարբերակը Երևան քաղաքի համար, այլ ոչ թե արհեստականորեն նմանվել այլ քաղաքների։ Այս ոլորտում առկա են որոշակի ռեսուրսներ, օբյեկտիվ պայմաններ, որոնք հաշվի առնելով միայն կարելի է օպտիմալ լուծում գտնել։

11․ Արդյո՞ք նախատեսվում է քաղաքային երթուղիների փոփոխություն։

Այո՛, երթուղային ցանցը հիմնովին փոխվելու է։ Նոր երթուղային ցանցը ենթադրում է նոր ուղղություններ, որոնք տեսականորեն ավելի արդյունավետ լուծումներ կառաջարկեն (արդյունավետ տեղաշարժ, ժամանակի և միջոցների խնայում օգտվողների համար)։

Բնականաբար, հնարավորություններ կստեղծվեն նոր երթուղային ցանցի ինտեգրման և իրազեկության համար։

 

12․ Միկրոավտոբուսները շարունակելո՞ւ են շահագործվել։

Ցանցը գծվել է միկրոավտոբուսների հնարավորինս բացառման սկզբունքով։ Միևնույն ժամանակ նախատեսվում են բավականին խիստ ու հավակնոտ չափորոշիչներ ավտոբուսների համար, ինչը նշանակում է, որ, օրինակ, շահագործման ժամկետը լրացած տրանսպորտային միջոցներ չեն կարող գործարկվել, տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, հարմարավետության պահանջներին, ինչպես նաև՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց կարիքներին։ 

13․Ի՞նչ չափանիշներով են ընտրվելու հասարակական տրանսպորտային միջոցների վարորդները։ Արդյո՞ք հետագայում էլ կտեսնենք վարելիս բարձր երաժշտություն լսող, հեռախոսով խոսող և ծխող վարորդներ։

Հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ներառում է ոչ միայն համակարգի փոփոխություն, տեխնիկական արդիականացում, այլ նաև սպասարկման չափանիշների սահմանում և որակապես նոր ծառայության ներդրում։ Ուղևորների արժանապատիվ երթևեկության համար կարևոր նախապայմաններ են ոչ միայն հարմարավետությունը, այլ վստահությունը սպասարկող համակարգի հանդեպ, որի առաջին ներկայացուցիչը հենց հասարակական տրանսպորտի վարորդն է։ Չափանիշների սահմանմանը քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու արձագանքը անչափ կարևոր է։

Չափանիշների մասին փաստաթուղթը որպես այդպիսին դեռևս հաստատված չէ, սակայն ներգրավված բոլոր կողմերն այս պահին միակարծիք են, որ սպասարկում իրականացնող վարորդները պետք է բժշկական հսկողության տակ լինեն, աշխատեն հերթափոխով և թույլատրելի ժամաքանակից ավելի ղեկին չմնան, ինչպես նաև պետք է քաղաքացիների սպասարկման կանոնակարգերի վերաբերյալ պարտադիր դասընթացներ անցնեն։ Համազգեստ կրելը, սպասարկման կանոնների մշտական հսկողությունը ինքնագործունեությունը բացառող մեխանիզմներ պետք է դառնան՝ բնականաբար թույլ չտալով որևէ արատավոր երևույթի վերարտադրություն։

14․ Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին հարմարեցված տրանսպորտային միջոցներ լինելո՞ւ են, թե՞ ոչ։

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումը ներառում է նաև անհրաժեշտ պայմանների ստեղծում տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների համար։ Բարեփոխված տրանսպորտային համակարգը հասանելի պետք է լինի բոլոր բնակիչներին։ Երևանի քաղաքապետարանն այս սկզբունքը փորձում է կիրառել նաև ներկայիս համակարգում, սակայն օբյեկտիվորեն անհնար է լիարժեք արդյունք ստանալ անմխիթար վիճակում գտնվող շարժակազմի շահագործման պարագայում։ Գործընթացում ներգրավված բոլոր մասնագետների համար կասկածից վեր է, որ համակարգը պետք է հասանելի լինի տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց։

15․Գծատերեր լինելո՞ւ են, թե՞ ոչ։

Հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ենթադրում է, որ ոլորտում առկա սկզբունքները և մոտեցումները փոխվելու են, փոփոխությունների արդյունքում վերանալու են նաև «գծատեր» երևույթը և հասկացությունը։ Սա նշանակում է, որ լիազորությունների գերակշիռ մասը, հավաքման և վերահսկման մեխանիզմների պատասխանատվությունը ստանձնելու է մեկ կենտրոնական մարմին։ Գործունեության հստակ չափորոշիչների համապատասխանելու դեպքում միայն ներդրողները կարող են մրցութային կարգով միանալ գործընթացին։ Թեև այս պահին մեխանիզմները վերջնականապես հաստատված չեն, այդուհանդերձ խորհրդատու կազմակերպության առաջարկներում գերակշռում է վերահսկման համայնքային կառույց և ծառայության մատուցման մասնավոր կառույց (մեկ կամ մի քանի օպերատոր) մոդելը։ Այս մոդելի պարագայում կբացառվեն կամայականությունները, իսկ քաղաքացիները  վստահ կլինեն, որ իրենց մատուցվելու է պատշաճ ծառայություն։

 

________

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք օգնել համալրել հաճախ տրվող հարցերի շարքը՝ ուղարկելով ձեր հարցերն այս հղումով։ Հարցերի պատասխանները կուղարկվեն անմիջապես ձեզ, իսկ 2 և ավելի անգամ կրկնվող հարցերը կընդգրկվեն այս շարքում։

Մասնակցություն եվ առաջարկներ

Թեմատիկ քննարկումների մասնակցություն

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ