նորություններ

Որո՞նք են տրանսպորտային նոր ցանցի հիմնական հատկանիշները

01-19-2018

Միջազգային խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացված` Երևանի նոր ավտոբուսային երթուղային ցանցի առաջարկի համաձայն զգալիորեն կբեռնաթափվի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը։ Ներկայիս 115 երթուղիների փոխարեն գործելու է 42 երթուղի, տրանսպորտային միավորների քանակը կրճատվելու է շուրջ 2 անգամ՝ 2039-ից հասնելով 939-ի, ցանցի ընդհանուր երկարությունը՝ շուրջ 4 անգամ՝ 4076 կմ-ից հասնելով 1107 կմ-ի, տրանսպորտային շարժակազմի ընդհանուր տարեկան վազքը 201,500,000 կմ-ից հասնելու է մոտ 86,267,000 կմ-ի։ Այս փոփոխությունները Երևանի տրանսպորտային համակարգին բերելու են երկար սպասված որակական բարելավում։

Ընդ որում, բարելավումը միանգամից մի քանի դրսևորում է ունենալու։ Նախ՝ տնտեսական իմաստով ներդրվելու է մեկ կենտրոնից կառավարվող և ֆինանսական թափանցիկ հոսքեր ունեցող նոր մոդել։ Բացի այդ, սոցիալական իմաստով բոլոր վերոնշյալ կրճատումները թույլ են տալու, որպեսզի նոր տրանսպորտային համակարգը լինի հասանելի և մատչելի բոլոր սոցիալական խավերի համար։ Նոր ցանցը թույլ է տալու անհամեմատ ավելի քաղաքակիրթ վիճակի բերել Երևանի երթևեկությունը։ Եվ, վերջապես, այս ամենի արդյունքում, զգալիորեն բարելավվելու է մայրաքաղաքի բնապահպանական իրավիճակը՝ արձանագրվելու է օդի աղտոտվածության կտրուկ նվազում՝ խնդիր, որը վերջին տարիներին անցկացված հանրային հարցումների համաձայն, Երևանի բնակչության առաջնային մտահոգությունների թվին է պատկանում։

Ինչպես հունվարի 18-ին նոր ավտոբուսային ցանցի ներկայացման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, նման բարեփոխման պարագայում, թեև կրճատվում է երթուղային գծերի ու մեքենաների քանակը, այնուհանդերձ ոլորտում աշխատող մարդկանց թվաքանակի կրճատում չի լինելու։ Օրինակ, վարորդներն աշխատելու են երկու, հնարավոր է նույնիսկ՝ երեք հերթափոխով քաղաքացիների ապահով ու անվտանգ երթևեկությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակում նախատեսված կարևորագույն փոփոխություններից մեկը տրանսպորտային ցանցի օպտիմալացումն է, ինչը նշանակում է ներկայիս ցանցի կրճատում՝ միաժամանակ խելացի նախագծման միջոցով ապահովելով տրանսպորտի հասանելիությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ