նորություններ

Որո՞նք են Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի հիմնական հատկանիշները

02-02-2018

Երևանի քաղաքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի հիմնական հատկանիշները և այն սկզբունքները, որոնք դրված են աշխատանքների հիմքում։ Կարևորելով գործընթացի հանրային նշանակությունը՝ Վահե Նիկոյանը նշել է, որ հանրության տեղեկացվածությունը և գործընթացի մասին հստակ պատկերացումներն անհրաժեշտ են, քանի որ ամբողջ գործընթացի նպատակը բնակիչների պահանջներին համապատասխան նոր տրանսպորտային համակարգ ստեղծելն է։ 

«Նախ նշեմ, որ խորհրդատու կազմակերպության մասնագետների առջև մեր կողմից պահանջ էր դրվել գծել առավելագույնս օպտիմալ և տնտեսական առումով մեզ համար հասանելի նոր ցանց։ Այսօր մանրամասն կանդրադառնամ նոր ցանցի հետ կապված մի շարք հարցերի, որոնք, վստահ եմ, հուզում են հանրությանը»,- նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ վարորդների կրճատման, տրանսպորտային միջոցների փոքրաթվության, երթևեկության ժամանակի ավելացման կամ սակագնի մասին շրջանառվող խոսակցությունները, ըստ էության, գործընթացի մասին տեղեկացվածության ցածր մակարդակի հետևանք են։ 

«Մարդիկ կարծում են, որ եթե շարժակազմը կրճատվում է, ուրեմն վարորդների թիվը ևս կրճատվելու է, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Նոր պայմաններում վարորդներն աշխատելու են հերթափոխով, ուստի՝ հնարավոր է նույնիսկ, որ լրացուցիչ վարորդների անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Վահե Նիկոյանը։
Անդրադառնալով տրանսպորտի նոր ցանցի նախագծով նախատեսված շարժակազմի կրճատմանը՝ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ դա օպտիմալ լուծումների և խելացի նախագծման արդյունք է։ Հաշվարկված 939 ավտոբուսը և 111 տրոլեյբուսը բավարար են մայրաքաղաքի ուղևորների լիարժեք սպասարկումն ապահովելու համար։ Միաժամանակ, նոր ցանցով նախատեսված 42 երթուղիներն ընդգրկելու են Երևանի ողջ տարածքը։ Նոր ցանցի կարևորագույն սկզբունքներից մեկն էլ այն է, որ ուղևորները Ա կետից Բ կետ կարող են հասնել ավելի արագ, քանի որ գործելու է տրանսպորտային միջոցի ժամանման հստակ չվացուցակ և մարդիկ կարողանալու են պլանավորել իրենց երթևեկությունը։ Մեկ ուղևորության համար մարդիկ վճարելու են ընդամենը մեկ անգամ, ինչը նշանակում է, որ երկու և ավելի տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը որևէ ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա։

Հիշեցնենք, որ այս պահին վերջնականացման փուլում է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը։ Դեռևս շարունակվելու են աշխատանքները բարեփոխման գործընթացի մյուս փուլերի շուրջ, որոնք վերաբերում են տոմսային համակարգին, կառավարման մոդելներին և այլ բաղադրիչներին։ Հանրությանը հուզող սակագնի հաշվարկներն էլ կատարվելու են բոլոր փուլերի ամփոփումից հետո` որպես առաջնահերթություն ունենալով սակագնի մատչելիությունը։

Մասնակցություն եվ առաջարկներ

Թեմատիկ քննարկումների մասնակցություն

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ