նորություններ

Հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծին վերաբերող հարցերին պատասխանել է WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչը

02-28-2018

Ս․թ․ փետրվարի 28-ին կայացել է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որին հրավիրված է եղել նաև ցանցի նախագծման աշխատանքների պատասխանատուներից մեկը՝ WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բառլեյը։ Վերջինս ժամանել է Երևան նոր ավտոբուսային ցանցի հետ կապված տեղում՝ ըստ հասցեների կատարված ուսումնասիրությունների արդյունքներին ծանոթանալու նպատակով։ Ըստ ստացված արդյունքների և դիտարկումների կատարվելու են ցանցի նախագծի լրամշակման աշխատանքներ։ Քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ մի շարք հարցեր են ներկայացվել խորհրդատուին ցանցի վերանայման և լրամշակման համար։

«Երևանի քաղաքապետարանը, որպես գործընթացի նախաձեռնող և խորհրդատու կազմակերպության առջև հստակ պահանջներ առաջադրած կառույց, արդեն իսկ խորհրդատու կազմակերպությանը ներկայացրել է բազմաթիվ դիտարկումներ, որոնք հաշվի առնելով տարվում են ցանցի լրամշակման աշխատանքներ։ Մենք ստացել ենք նաև դիտարկումներ Ուղևորափոխադրողների միությունից և Ճանապարհային ոստիկանությունից, որոնք ևս ներկայացվել են խորհրդատու կազմակերպության մասնագետներին»,- տեղեկացրել է Վահե Նիկոյանը։ Նա նաև հավելել է, որ խորհրդատուին ներկայացված դիտարկումները վերաբերել են որոշ փողոցների թողունակությանը, մի քանի հատվածներում ցանցի անբավարար ծածկույթին, ինչպես նաև՝ կանգառների նպատակահարմարությանը։

Հավելենք, որ մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել է նաև հատուկ հավելված, որի միջոցով նրանք կարող են ավելի մանրամասն ուսումնասիրել նոր ցանցի նախագծի ծածկույթը և տարբեր երթուղիների արդյունավետությունը։ Այս պահին հավելվածը հասանելի է միայն մասնագիտական խմբի անդամներին աշխատանքային նպատակով։

Երևանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանի առաջարկով հաջորդ նիստի ընթացքում քննարկվելու են կանգառների, ավտոբուսների, վարորդների և սպասարկման ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ հարցեր։ Ցանցի նախագծի՝ խորհրդատուի կողմից լրամշակված տարբերակը նաև ներկայացվելու է հանրությանը դիտարկումների համար։

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ