նորություններ

«Հայգեր Բաս» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով

01-24-2019

Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ընդունել է «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» (Higer Bus Company Limited) ընկերության ԱՊՀ երկրների տնօրեն Չան Ցիֆայի գլխավորած պատվիրակությանը: ՉԺՀ պետական ձեռնարկություն հանդիսացող ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 85 երկրներում, հիմնական շուկաներն են ԱՄՆ-ը, ՌԴ-ը և աֆրիկյան մի շարք երկրներ: «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ»-ը համագործակցում է շվեդական «Սկանիա» ընկերության հետ: Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագրում: Քաղաքապետի առաջին տեղակալը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ մոտ ապագայում պատրաստ կլինի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացնող WYG խորհրդատվական ընկերության առաջարկությունների փաթեթը, որի համաձայն էլ պետք է իրականացվի ծրագիրը: 

Պատրաստակամություն հայտնելով համագործակցության ընդլայնման հարցում՝ «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով: Չան Ցիֆան նշել է, որ ծանոթ է շուկային ու քաղաքի առանձնահատկություններին, քանի որ ընկերության ավտոբուսներն արդեն մի քանի տարի շահագործվում են Երևանում: Նա նաև նշել է, որ Երևանին այսօր առաջարկվող ավտոբուսներն առանձնանում են նոր հնարավորություններով ու հարմարավետությամբ: Բացի այդ, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև ավտոբուսների հետագա սպասարկումն ապահովելու հարցում:

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ