նորություններ

Ներկայացվել են հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախնական տարբերակները

09-15-2017

Ս․թ․ սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 3-րդ նիստը, որի ընթացքում խորհրդատու WYG International ընկերության ներկայացուցիչ Ջոն Կոկլոուգը ներկայացրել է «Հանրային տրանսպորտային ցանցի տարբերակները» և «Ավտոբուսային երթուղային ցանցում ուղևորահոսքերի»  ընտրանքային կրկնողական ուսումնասիրության   հաշվետվությունները։

Հաշվետվությունների հիմնական առաջարկները վերաբերում են Երևան քաղաքի գործող երթուղային ցանցի օպտիմալացմանը՝ առկա երթուղիների թվի մինչև երեք անգամ կրճատմամբ։ Հաշվետվությունները նաև սահմանում են նոր չափորոշիչներ առանձնացված ավտոբուսային գծերի և կանգառահատվածների համար։

Նշված հարցերի կիրառելիությունը պարզելու նպատակով նիստը նախագահող Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը դիմել է աշխատանքային խմբի՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության  ներկայացուցիչներին՝ առաջարկվող չափորոշիչների կիրառելիության ու իրագործելության վերաբերյալ մասնագիտական գնահատական տրամադրելու համար։

«Մեզ անհրաժեշտ է բովանդակային քննարկում ունենալ և խորհրդատուի ներկայացրած նախնական առաջարկները հանգամանորեն ուսումնասիրել։ Առաջարկները ընդհանուր առմամբ հիմնված են խորքային ուսումնասիրությունների վրա, սակայն այս հարցում մեր հույսը չենք կարող դնել միայն խորհրդատուի մասնագիտական կարծիքի վրա։ Մենք ինքներս պետք է լրացուցիչ անգամ համոզվենք, որ այն, ինչ առաջարկվում է, հնարավոր լավագույն տարբերակն է։ Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ պատասխանատու գործ ենք ստանձնել և ակնկալում եմ կառուցողական ու ակտիվ քննարկում»,- ասել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը՝ դիմելով աշխատանքային խմբի անդամներին։

Հիշեցնենք, որ մինչև այժմ մասնագիտական աշխատանքային խումբն ունեցել է ևս 2 հանդիպում, որոնց ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել են առաջարկներ օպտիմալացման ընդհանուր հնարավորությունների, նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ։

Մասնակցություն եվ առաջարկներ

Նոր երթուղային ցանցը քարտեզի վրա

Իրազեկման արշավներին մասնակցելու կամավորության գրանցում

Առաջարկներ և մեկնաբանությունների ուղարկում

Հաճախ տրվող հարցեր

Միջոցառումներ